Thursday, September 16, 2010

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿՈԼՈՏ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ


Երջանկայիշատակ Յովհաննէս Կոլոտ Պատրիարք նշանաւոր հանդիսացած է նաեւ իր հասցուցած բազմաթիւ աշակերտներով, որոնցմէ շատեր, թէ՛ իր կենդանութեան, և թէ՛ մահուընէ ետք կարեւոր ծառայութիւններ մատուցած են Հայ ազգին, Հայաստանեայց Եկեղեցւոյ և Հայ մշակոյթին: Ասոնց մեծամասնութեան կեանքն ու գործերը առաւել կամ նուազ չափով հանրածանօթ են. սակայն ոմանք ալ պատմութեան թանձր մշուշին և նոյնիսկ խաւարին տակ թողուած են, և միայն անունները ծանօթ են: Եթէ բազմերախտ մշակութային գործիչ Սարգիս Դպիր Սարրաֆ-Յովհաննէս-Հովուեան
«1730-1805» ջանադիր եղած չըլլար անոնց ցանկը պատրաստելու, ոմանց անուններն անգամ անծանօթ պիտի մնային:
1735ին Պոլսոյ մէջ ընդօրինակուած Երուսաղէմի թիւ 407 ձեռագրին յիշատակարանին մէջ, Կոլոտ Պատրիարքի աշակերտներուն մասին հետեւեալ շահեկան տողերը արձանագրուած են:

«Քանզի այս վարդապետ Յովհաննէս յորժամ նստաւ ի Կ. Պոլիս, իւր բարեսէր բարուքն կարգեաց դպրոցս և ժողովեաց բազում ուշիմ մանկունս ըստ Սրբոց հարցն Սահակայ և Մեսրոպայ, և ետ ընթեռնուլ զհանճարս փիլիսոփայական արհեստից, և ի գիրս Աստուածային Կտակարանացն՝ Հնոց և Նորոց, և բազում վարդապետք ելին փարթամացեալք իմաստութեամբ և քարոզութեամբ իբրեւ զարեգակունս փայլէին ընդ ամենայն աշխարհս Հայոց»:

Սարգիս Դպրի վերոյիշեալ ցանկը լոյս տեսած է Կիւլէսէրեանի «1868-1936» 1904ին Վիեննայի մէջ լոյս տեսած «Կոլոտ Յովհաննէս Պատրիարք» մենագրութեան մէջ «էջ՝ 70-72»:

7-Սեպտեմբեր-2010 Երեքշաբթի
Իսթանպուլ