Ծնած է մօտաւորապէս 1710ին և վախճանած՝ Երուսաղեմ 1776ին:
Վարած է Երուսաղեմի Աթոռին Րումելիի և Խրիմի նուիրակութիւնը և այդ առթիւ 1735ին ժողովրդային նուիրատուութեամբ Ս. Յակոբայ վանքին համար շինել տուած է ոսկեայ և ականազարդ սկիհ մը (Ձեռագիր թիւ 532 Երուսաղէմի, նաեւ «Միաբանք և Այցելուք» էջ՝ 9-10): 1751ին Արքեպիսկոպոս և Խրիմու առաջնորդ եղած միջոցին նորոգած է տեղւոյն Ս. Խաչ աթոռանիստ վանքը («Կենս. Սարգիս Արք. ի Սարրաֆեան» էջ՝ 384): 1772 Նոյ. ի սկիզբը Իսմայիլէն Պոլիս եկած է «անդ. էջ՝ 327»:
1734ին Պոլսոյ մէջ լոյս տեսած և Կոլոտ Պատրիարքի աշակերտներուն բանաստեղծութիւնները պարունակող տաղարանին մէջ իր տաղերուն ալ կը հանդիպինք: Սոյն թուականին իբր աբեղայ յիշուած է («Կ. Պոլսոյ Հայերը և իրենց պատրիարքները», էջ՝ 136):
1746ին Ակնայ առաջնորդ ըլլալով կը յիշուի Ադամ վարդապետ մը, որ հաւանաբար նոյնն է այս անձին հետ («Միաբանք և Այցելուք», էջ՝ 376, նաեւ «Հայ Հանրագիտակ», էջ՝ 34ա):