Ծնած է 1706ին և վախճանած Խասգիւղ 1786ին: Թաղուած է տեղւոյն գերեզմանատունը: Դամբարանը մինչեւ օրս պահպանուած է:
Եպիսկոպոս ձեռնադրուած է 1749ին («Միաբանք և Այցելուք», էջ՝ 446): 1752-1756 թթ. միջեւ Երուսաղէմի Պոլսոյ փոխանորդութիւնը վարած է: Նոյն թուականներուն Պոլսոյ պատրիարքական փոխանորդ ալ եղած է: 1756ին Պրուսայի առաջնորդ ընտրուած է: 1754ին մերժած է Պոլսոյ պատրիարքութիւնը («Շողակաթ» 1957, էջ՝ 270 բ): Նոյնպէս 1764ին Նալեանի կողմէ Պոլսոյ պատրիարքական Աթոռը իրեն առաջարկուած է, սակայն չէ ընդունած («Ազգապատում», գլ. 2080): 1767ին Երուսաղէմ այցելած և Կարապետ պատրիարք Գանձակեցիին յուղարկաւորութեան նախագահած է («Միաբանք և Այցելուք» էջ՝ 446):
7 Նոյ. 1772ին Պրուսայէն Պոլիս եկած է («Կենս. Սարգիս Արք. Սարրաֆեան», էջ՝ 265): 4 Դեկտ. 1772ին Մարսիլիա մեկնած է: 22 Դեկտեմբերին Մալթա կղզին հասած է («Ազգապատում», գլ. 2144): 3 Մայիս 1773ին Հռովմ ժամանած է («Կենս.», էջ՝ 272): 18 Հոկտ. 1773ին Վենետիկ գտնուած է (անդ. էջ՝ 273): 1774-1775 թթ. Հրովմի ձեռնագրիչ եպիսկոպոս ըլլալով յիշուած է («Ազգապատում», գլ. 2144): Պոլիս վերադարձած է 1775 տարւոյ վերջերը, կամ 1776ի սկիզբները («Կենս.», էջ՝ 314): 1776 տարւոյ Ապրիլ-Յունիս ամիսներուն Պրուսայի մէջ յիշուած է (անդ.): 1780էն մինչեւ մահը Խասգիւղի քարոզիչ եղած է:
1780ին յօրինած է «Կրթութիւն մտածական», «Ջերմեռանդութեան աղօթից տետր» և «Կրթութիւն եօթանց խորհրդոց» աշխատութիւնները («Լոյս» 1905, էջ՝ 967, նաեւ «Միաբանք և Այցելուք», էջ՝ 447):
Ըստ Կիւլէսէրեանի (Լոյս», 1905, էջ՝ 967) ինք է որ Պրուսայի մէջ մկրտութեան տոմարը հաստատած է: Ըստ Գալէմքեարեանի ալ «Լաճեան» մականունը կրած է («Կենս., էջ՝ 314):